Կլիմա: Դուք արդեն գիտեք, որ Երկրի տարբեր վայրերում եղանակային պայմանները միշտ փոփոխվում են: Սակայն ամեն տարի նույն վայրում եղանակային պայմանները գրեթե նույն ձևով կրկնվում են:
Օրինակ՝ ձեր բնակավայրում ամեն տարի ձմեռը ցուրտ է, գարունն ու աշունը համեմատաբար մեղմ են ու խոնավ, իսկ ամառը՝ չոր ու շոգ: Դա կրկնվում է ամեն տարի:
Տվյալ վայրին բնորոշ միանման եղանակների բազմամյա կրկնությունը կոչվում է կլիմա:
Կլիմայի իմացությունը մարդկանց համար շատ կարևոր նշանակություն ունի: Կլիմայով են պայմանավորված տվյալ վայրի գետերի ու լճերի սնումը, օրգանական աշխարհի հարուստ կամ աղքատ լինելը գյուղատնտեսությունը նույնպես ամբողջովին կախված է կլիմայից: Կլիմայական պայմաններն ազդում են նաև մարդու առողջության վրա:
Երկրագնդի վրա կլիմայական պայմանները շատ բազմազան են և պայմանավորված են մի շարք գործոններով:
Դրանցից առավել կարևոր են աշխարհագրական լայնությունը, տեղանքի բարձրությունը, օվկիանոսների ազդեցությունը, գերիշխող քամիները, ծովային հոսանքները և այլն:
Տարբեր լայնություններում Արեգակից ստացվող ջերմության քանակը տարբեր է: Հասարակածային շրջաններում միշտ տաք է, իսկ դեպի բևեռներ կլիման աստիճանաբար ցրտում է։
Նույն աշխարհագրական լայնության վրա կարող է դիտվել տարբեր կլիմա: Օրինակ՝ Երևանն ու Սևանը գտնվում են գրեթե նույն աշխարհագրական լայնությունում, սակայն Սևանը մոտ 1000 մ բարձր է Երևանից: Այդ պատճառով էլ՝ Սևան քաղաքն ունի ավելի խոնավ ու զով կլիմա, իսկ Երևանը՝ չոր ու տաք: Հետևաբար կլիման կախված է նաև տեղանքի բացարձակ բարձրությունից:
Օվկիանոսների ազդեցությունը մեծ է երկրագնդի այն շրջանների համար, որոնք գտնվում են ծովափնյա կամ դրան մոտ տարածքներում: Այդ շրջաններում օվկիանոսների և դրանց տաք հոսանքների ազդեցությամբ ձևավորվում է ծովային մեղմ ու խոնավ կլիմա:
Կլիման կախված է նաև գերիշխող քամիներից: Պասսատները և մուսսոնները բերում են առատ տեղումներ. պասսատները՝ հասարակածային շրջաններում, իսկ մուսսոնները՝ ծովափնյա շրջաններում:
Կլիմայի հիմնական տիպերը: Երկրագնդի վրա առանձնացվում են կլիմայի հետևյալ հիմնական տիպերը՝ ծովային, ցամաքային, մուսսոնային և միջերկրածովային:
Ծովային կլիման ձևավորվում է ծովերի և օվկիանոսների առափնյա շրջաններում: Ծովային կլիմային բնորոշ են ամբողջ տարին թափվող առատ տեղումներ և օդի ջերմաստիճանի փոքր տատանումներ:
Ցամաքային կլիման առաջանում է ցամաքների վրա: Ձմեռը ցուրտ է, իսկ ամառը’ տաք: Տեղումները քիչ են: Նման կլիմա ունի նաև մեր հանրապետությունը։
Մուսսոնային կլիմայի ձևավորման գլխավոր պատճառր ձեզ արդեն հայտնի մուսսոնային քամիններն են, որոնք հիմնականում դիտվում են ծովափնյա շրջաններում: Կլիմայի այս տիպին բնորոշ են ցուրտ ու չոր ձմեռներ և տաք ու խոնավ ամառներ:
Միջերկրածովային կլիմա անվանումը հուշում է, որ կլիմայի այս տիպը բնորոշ է հենց Միջերկրական ծովի առափնյա շրջաններին: Ձմեռր մեղմ է ու խոնավ, իսկ ամառը՝ չոր ու շոգ:
Հարցեր և առաջադրանքներ
1.Ի՞նչ է կլիման: Տվյալ վայրին բնորոշ միանման եղանակների բազմամյա կրկնությունը կոչվում է կլիմա:
2.Կլիման ձևավորող ի՞նչ գործոններ գիտեք: Ես գիտեմ գործոններից առավել կարևորները՝ աշխարհագրական լայնությունը, տեղանքի բարձրությունը, օվկիանոսների ազդեցությունը, գերիշխող քամիները և ծովային հոսանքները:
3.Ձեր բնակավայրի կլիման ձևավորող ո՞ր գործոնն է գլխավորը։
4.Թվարկեք կլիմայի հիմնական տիպերը: Ո՞ր կլիմայի տիպն է բնորոշ ձեր բնակավայրին: Կլիմայի հիմնական տիպերն են՝ ծովային, ցամաքային, մուսսոնային և միջերկրածովային:
5.Ինչո՞վ է ծովային կլիման տարբերվում ցամաքայինից: Ծովային կլիման ձևավորվում է ծովերի և օվկիանոսների առափնյա շրջաններում, իսկ ցամաքային կլիման՝ ցամաքների վրա:
6.Ինչո՞վ է մուսսոնային կլիման տարբերվում միջերկրածովայինից: Մուսսոնային կլիմալի այս տիպին բնորոշ են ցուրտ ու չոր ձմեռներ և տաք ու խոնավ ամառներ, իսկ Միջերկրածովային կլիման ձմեռը մեղմ է ու խոնավ, իսկ ամառը՝ չոր ու շոգ: