Կրիա (լատիներեն՝ Testudines) սողունների դասին պատկանող զրահավոր ցամաքային և ջրային կենդանիներ են։ Տարածված են համարյա ամբողջ երկրագնդով մեկ։ Հայտնի է, որ կրիաները գոյություն են ունեցել 220 միլիոն տարի առաջ[1] և հանդիսանում են սողունների դասի ամենահին խումբը, ավելի հին, քան մողեսների, օձերի կամ կոկորդիլոսների խմբերը։
Կրիաները սերում են ցամաքային հնագույն, անհետացած սողունների մի ճյուղից՝ կատիլոզավրերից։ Դարավոր զարգացման ընթացքում նրանցից շատերն աստիճանաբար հարմարվել են անուշահամ ջրերում ու ծովերում ապրելու պայմաններին։
Ներկայումս հայտնի է կրիաների 215 տեսակ, որոնցից երեքը՝ միջերկրածովյան, կասպիական և ճահճային կրիաները՝ հանդիպում են Հայաստանի տարածքում։
Կրիաները երկարակյաց կենդանիներ են։ Առանձին տեսակների կյանքի տևողությունը հասնում է մինչև 120 տարի։ Ամենաերկարակյացները գալապագոսյան կրիաներն են, որոնք անազատության մեջ կարող են ապրել մինչև 170 տարի։