
Հավերժական ներկը` որդան կարմիրը
«Հայերն ունեն մի շատ տարօրինակ միջատ, որը ոչ մի տեղ չկա՝ բացի Հայաստանից: Սա մի կարմիր միջատ է, որ ապրում է հողում և հայտնվում է տարվա մեջ միայն տասը օր` վաղ առավոտյան, որի ընթացքում պետք է հասցնել հավաքել» (Ալ. Ֆակ, 983 թ, միջնադարյան արաբ հեղինակ):
Հարյուրավոր տարիներ հայ թագավորների մենաշնորհն է եղել «արևելքի հրաշք» անվամբ որդան կարմիր միջատից ստացվող ներկն ու բուժական թանկարժեք միջոցների ստեղծումը: Այն կիրառվում էր թե՛ արվեստներում ու արհեստներում, թե՛ բժշկության մեջ: Ազնվազարմ տիկնայք իրենց գեղեցկությունն ու երտասարդությունը պահպանելու համար օգտագործում էին որդան կարմիրից պատրաստված յուղեր:
Որդան կարմիրից ստացած ներկը օգտագործվում էր ոչ միայն բուրդ կամ այլ գործվածքներ ներկելու համար, այլ նաև մանրանկարչության, որմնանկարչության մեջ: Մեզ հասած հազարավոր ձեռագրերն ու որմնանկարները որդան կարմիրի բացառիկ որակի և նշանակության ապացույցն են: Դրանցից են, օրինակ, Քոբայրի վանքում պահպանված որմնանկարները, որոնք դարերի ընթացքում չեն կորցրել իրենց հմայքը արևի, անձրևի, քամու ազդեցությունից:
Հայկական գորգերն աշխարհին հայտնի էին ոչ միայն իրենց գործվածքի բարձր որակով, այլև ներկանյութերով: Ամենահայտնին որդան կարմիրն էր: Ալթայի երկրամասից հայտնաբերված, 4500 տարեկան համարվող Պազիրիկի գորգը, որն ամբողջական պահպանված ամենահին գորգն է աշխարհում, նույնպես գեղազարդված է որդան կարմիրով: Դեռ Ք. ա. 714-ին Ասորեստանի Սարգոն II թագավորը բարձր էր գնահատում Մուսասիրի Խալդիի տաճարից վերցված ավարի կարմիր գործվածքները:
Որդան կարմիրի գործածությունը կիրառական արվեստով չի սահմանափակվել: Այն նաև կաթողիկոսական ու արքայական կնիքների ներկն էր, որը վերջին անգամ պատրաստել է Սահակ եպիսկոպոսը (Ծաղկարար) և գործածել է Հովհաննես կաթողիկոսը (1831-1842 թթ): Սահակ եպիսկոպոսը պատմականորեն վերջին անձնավորությունն էր, որ XIX դարում փորձեց վերականգնել որդան կարմիրի բաղադրատոմսն ու ներկանյութ ստանալ: Նրա թողած ձեռագրերը հիմա չափազանց արժեքավոր են հնագույն գաղտնիքի վերականգնման գործում: