Շատ տխուր է թագավորի որդի:։ Օրեր են անցնում, բայց նորահարսի գեղեցկանալու մասին լուր չկա․ ինչքան լավ են պահում, այնքան ավելի է պլպլում նա, ինչպես սև սաթ, և գիրանում ու հաստանում է խոզի պես:
Թագավորի որդին իր մտատանջությունն ու սրտնեղությունը փարատելու համար գնաց դեպի գետի ափն զբոսնելու: Այնտեղ նա ձկնորսներ տեսավ, որոնք ուռկանով ձուկն էին որսում: Կանչեց նրանց իր մոտ և ասաց.
– Ուռկաններդ ձգեցե՛ք ահա այսինչ տեղը, ուզում եմ բախտս փորձել, ինչ որ դուրս գա՝ իմս է: Ուռկանը ձգեցին, և դուրս եկավ մի հրաշալի ձուկն՝ ինքն արծաթի, իսկ թևերը ոսկի: Զարմացան որսորդները, այնպիսի ձուկն նրանք ո՛չ լսած և ո՛չ տեսած էին:
– Քե՛զ է միայն արժանի այս ձուկը, – ասացին նրանք թագավորի որդուն, – եթե առանց քեզ էլ բռնած լինեինք, պիտի բերեինք քեզ ընծա:
– Շնորհակա՛լ եմ, – ասաց թագավորի որդին և նրանց լավ վարձատրեց: Ձուկը տարավ և ձգեց իր ծաղկանոցի ավազանը, և այնուհետև էլ նրա մոտից չէր հեռանում, նրան նայելուց չէր կշտանում, նրա մոտ էր ուտում, խմում և ննջում:
Բոշա աղջիկն իմացավ, որ մի հրաշալի ձուկ է բռնել թագավորի որդին, և իսկույն հասկացավ, որ նա ի՛նքն է Եղեգնուհին, որ սպանվելուց հետո ձկան կերպարանք է ստացել, էլ քունը չտարավ: Եվ մեկ օր ասաց նաժիշտներին.
– Ի՞նչ կարող եմ գեղեցկանալ, քանի որ թագավորի որդին խորշում է ինձանից և իր սերը մի ձկան է տվել: Եթե այդ գեղեցիկ ձուկը մորթեն և ուտեցնեն ինձ՝ իմ գեղեցկությունը կրկին վրաս կգա:
Այս բանը շատ որ ասաց և հավատացրեց ամենքին՝ ճարահատյալ ձուկը մորթեցին և ուտեցրին բոշային, բայց նա էլի մնաց բոշա ու բոշա: