Մեր ճամփեն խավար, մեր ճամփեն գիշեր,
Ու մենք անհատնում
Էն անլույս մըթնում
Երկա՜ր դարերով գընում ենք դեպ վեր
Հայոց լեռներում,
Դըժար լեռներում։
Տանում ենք հընուց մեր գանձերն անգին,
Մեր գանձերը ծով,
Ինչ որ դարերով
Երկնել է, ծընել մեր խորունկ հոգին
Հայոց լեռներում,
Բարձըր լեռներում։
Բայց քանի անգամ շեկ անապատի
Օրդուները սև
Իրարու ետև
Եկա՜ն, զարկեցին մեր քարվանն ազնիվ
Հայոց լեռներում,
Արնոտ լեռներում։
Ու մեր քարվանը շըփոթ, սոսկահար,
Թալանված, ջարդված
Ու հատված-հատված
Տանում է իրեն վերքերն անհամար
Հայոց լեռներում,
Սուգի լեռներում։
Ու մեր աչքերը նայում են կարոտ
Հեռու աստղերին,
Երկընքի ծերին,
Թե երբ կըբացվի պայծառ առավոտ
Հայոց լեռներում,
Կանաչ լեռներում։
1.Ո՞վ է «Մենք»-ը. Հայ ժողովուրդը։
2.«Մեր ճամփեն». Հայոց պատմական ուղին՝ լի փորձություններով ու գոյապայքարով։
3.«Պայծառ առավոտ». Ազատություն, խաղաղություն և լուսավոր ապագա։
4.Բառերի երանգը. * Խավար, արնոտ, սուգ՝ տառապանք և ցավ։
Պայծառ, կանաչ՝ հույս և վերածնունդ։
Տրամադրությունը. Ծանր թախծից դեպի լավատեսական սպասում։
5.Կրկնվող տողերը. Յուրաքանչյուր տան վերջին երկու տողերը (օրինակ՝ «Հայոց լեռներում, դըժար լեռներում»)։
6.Ինչպիսի՞ն են լեռները. Դժվար, բարձր, արնոտ, սուգի և կանաչ (ժողովրդի վիճակի արտացոլանքը)։
7.Ինչի՞ մասին է. Հայ ժողովրդի դժվարին ճակատագրի, հոգևոր գանձերի պահպանման և անմեռ հույսի մասին։