Ես իմ անուշ Հայաստանի
Սա Չարենցի ամենագեղեցիկ ու հարազատ գործն է։ Ապրելով Հայաստանում՝ ես լիովին կիսում եմ նրա ապրումները։ Միայն այստեղ եղած մարդը կարող է տեսնել այն գեղեցկությունը, որը թաքնված է ամեն մի հին պատի, գրքի ու ծաղկի մեջ։ Բոլորս էլ մեր հոգում ունենք այս սերը, բայց քչերին է տրված այն այսքան դիպուկ արտահայտել։
Հայրենիքում
Սեփական հողում լինելը հոգուն թրթիռ ու երջանկություն է տալիս։ Հայրենիքը մեր հանգստությունն է, մանկության բակն ու հարազատ մարդիկ։ Թեև ես երբեք հայրենիքի կարոտ չեմ զգացել, բայց պատկերացնում եմ, որ հեռու լինելու դեպքում կյանքն իսկույն կկորցներ իր գույներն ու իմաստը։
Տաղ անձնական
Այս բանաստեղծությունն ինձ ավելի շատ դուր եկավ. այստեղ հոգու ցավն ու անկեղծությունն ավելի շեշտված են։ Սա անցած կյանքի հանդեպ գնահատանք է և մի փոքր ափսոսանք՝ չհասցրած գործերի ու չտրված հրաժեշտների համար։ Օտար փողոցներում հոգին երբեք լիքը չէ, իսկ դեմքերը՝ հարազատ չեն։
Մորս համար գազել
Կյանքի վերջում սեփական ուղին վերլուծելը և չապրած պահերի գիտակցումը թերևս ամենադաժանն է։ Չվայելած որդիական սեր, չկառուցած երջանկություն… Ցավալի է պատկերացնել նման վերջաբանը, բայց կյանքը հենց այդպիսի սև ու սպիտակի պայքար է։
Էլի գարուն կգա
Մի օր մեր կյանքն ավարտվելու է ոչ թե քնով, այլ մահով, բայց աշխարհը շարունակելու է շնչել։ Մենք կթողնենք մեր հետքը պատմության մեջ կամ մեկի սրտում, մեզ կհիշեն ու կսգան, բայց գերեզմանին թափված արցունքներն էլ ժամանակի հետ կչորանան, իսկ գարունը նորից կգա։